ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ֆիրդուսը» քանդում են

«Ֆիրդուսը» քանդում են
23.06.2017 | 09:12

Մայրաքաղաքի երբեմնի ամենաաշխույժ, մարդաշատ տոնավաճառներից մեկը` «Ֆիրդուսը», շուտով կանցնի պատմության գիրկը: Կառուցապատման աշխատանքներով պայմանավորված` տոնավաճառի աշխատանքը դադարեցվում է: Ըստ պաշտոնական տվյալների` քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է այլ տարածքներ` առևտուրը շարունակելու համար: Ըստ «ֆիրդուսցիների»` իրենց առաջարկում են տեղափոխվել «Երևան» տոնավաճառ, որի տեղն իրենք էլ լավ գիտեն, ու եթե նպատակահարմար լիներ, պայմանները գոհացնեին, ավելի վաղ կտեղափոխվեին: Շուկան առանց այն էլ նախկին աշխուժությունը չուներ, մեծ հաշվով` երկար կյանք էլ չուներ: Առևտրականների թիվը զգալիորեն կրճատվել էր:

Բայց հարմարությամբ չփայլող տարածքում իրենց օրվա հացը վաստակող առևտրականներն ասում են, որ իրենց գլխին գալիքի մասին պետք է տեղեկանային գոնե տարեսկզբին, որ զրոյացնեին վերցրած ապրանքը, նոր ապրանք չպատվիրեին, ստիպված չլինեին վարկ վերցնել բանկերից: Ընդվզման թույլ փորձեր եղել են, դիմել են կառավարություն, քաղաքապետարան: Հասկացել են, որ ելքը սեփական ուժերով սեփական գլխի ճարը տեսնելն է:
Մեր տեղեկություններով` առևտրականներից մի քանիսն արդեն արտագնա աշխատանքի են մեկնել, ու նրանց հետևողներ դեռ կլինեն: Շատ քիչ մասը գուցե շարունակի առևտուրն այլ վայրում, մի մասն էլ, չնայած տարածքը լքելու պահանջներին, շարունակում է առևտուրը` օդում թողնելով «ի՞նչ անել» հարցի պատասխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Խնդրի շուրջ մեզ հուզող հարցերին քաղաքապետարանից խոստացան պատասխանել գրավոր, ինչի մասին լրացուցիչ կիրազեկենք մեր ընթերցողին։

Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ